Հայտարարություններ
Լավագույն «․հայ» կայքերի մրցույթ
Մեկնարկում ենք «․հայ» դոմենային անունների տիրույթի հնգամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախատեսված լավագույն «․հայ» կայքերի մրցույթը։ Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն «․հայ» դոմենային անունով կայք՝ հետևյալ անվանակարգերով՝
Լավագույն դիզայն, Լավագույն հայկական բովանդակություն, Լավագույն օգտագործման մատչելիություն և հավելվածի առկայություն
Մրցույթին մասնակցելու հիմնական պահանջներն են՝
Կայքը պարտադիր պետք է ունենա հայատառ տարբերակ, Կայքը պարտադիր պետք է լինի տեխնոլոգիական, գիտական, հանրակրթական կամ առևտրային։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ տրամադրելով պահանջվող տեղեկատվությունը: Հայտերն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: Հայտերը կուսումնասիրվեն ընդունող հանձնաժողովի կողմից և, բոլոր նշված պայմաններին համապատասխանելու դեպքում, կներկայացվեն ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովի քննարկմանը: ՀայՆեթ2021-ի վերաբերյալ այլ մանրամասների և գրանցման համար կարող եք այցելել այս հղումով։
Հայկական թեմատիկայով «Վիքի․հայ» արշավ
«․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունները մայիսի 5-ից Հայերեն Վիքիպեդիայում սկսում են Հայկական թեմատիկայի զարգացման մրցույթային արշավ։
Լավագույն ներդրում ունեցողներին սպասում են դրամական պարգևներ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից։
Թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք, ով ունի հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ և պատրաստ է մաս կազմել այս կարևոր առաքելությանը, կարող է միանալ արշավին։ Այս կերպ մեր պատմությունն ու մշակույթն իր ողջ բազմերանգությամբ, ճշմարտացի ձևով կարող ենքներկայացնել հանրությանը և ժառանգել սերունդներին։
Մայիսի 5-ից 15-ը՝ մասնակցության համար գրանցում,
Մայիսի 16-ից 31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում, Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում:
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանում ինտերնետ սահմանափակումները
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության Տրանսպորտի, Կապի և Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանափակվում է ինտերնետի հասանելիությունը՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով։
Ինտերնետի ադրբեջանական օգտատերերը նշում են նաև սոցիալական ցանցերի համատարած արգելափակումների մասին։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է ինտերնետի ազատությանը, տեղեկատվության տարածմանը, մարդկանց ազատ կամարտահայտմանը խոչընդոտող այս քայլը։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան սանձարձակված ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա միջազգային աղբյուրներից ստանալու հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն, հետևելու տեղեկատվական հոսքերին՝ օբյեկտիվ կարծիք ձևավորելու և արտահայտելու համար։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն միանում է ՀՀ Ինտերնետ Կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի կոչին՝ ուղղված Ինտերնետ կառավարման և Ինտերնետի ազատության ոլորտում գործող միջազգային հանրությանն ու կազմակերպություններին՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու Ադրբեջանում տիրող Ինտերնետ սահմանափակումների և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող գործողությունների վերաբերյալ:
«․am» դոմենային տիրույթը 26 տարեկան է
Այսօր մեր կազմակերպությունը նշում է «․am» դոմենային տիրույթի 26-րդ տարեդարձը։ Շնորհավորում ենք բոլորիս այս կապակցությամբ և մաղթում փայլուն ապագա՝ բազմաթիվ գրանցված անուններ, անխափան աշխատանք և աշխարհին ներկայանալու հորիզոններ։ 26 տարի, մոտ 38000 գրանցում, 40-ից ավել գրանցող կազմակերպություններ, բազմաթիվ իրականացրած ծրագրեր և սա դեռ ճանապարհի սկիզբն է։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ ընդհանուր ժողով
Սույն թվականի փետրվարի 6-ին ժամը 14:00-ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում (ք.Երևան, Սայաթ Նովա 19) տեղի կունենա «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ընդհանուր ժողով:
Ամփոփվել են «.am լոգո մրցույթի» արդյունքները
Ամփոփվել են «.am լոգո մրցույթի» արդյունքները: Մրցույթի ընտրող հաձնաժողովը դիտարկել է ստացված 25 աշխատանքները և ընտրել հաղթող տարբերակը: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ԲՈԼՈՐ մասնակիցներին իրենց յուրօրինակ աշխատանքների համար:Սիրով ներկայացնում ենք .am լոգոն:Շնորհակալություն ենք հայտնում Նառա Ստեփանյանին իր աշխատանքի և համագործակցության համար:
ArmSIG 3-րդ հոսքի մեկնարկ
Ս.թ. հուլիսի 15-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հայտարարում է Ինտերնետ կառավարման (ԻԿ) հայկական դպրոցի (ArmSIG) 3-րդ հոսքի մեկնարկը: Այս դասընթացը նախատեսված է հասարակության տարբեր շահառու խմբերի ներկայացուցիչների համար։ Դպրոցի ընդունելությունը մրցութային է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը։
Ընտրված մասնակիցները կանցնեն 3-օրյա անվճար դասընթաց սեպտեմբերի 11-13-ը՝ Երևանում: Դպրոցում կդասավանդեն ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության համապատասխան վկայական։ Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են ներկայացվել նաև անգլերեն լեզվով: Դասընթացի ծրագրի մասին մանրամասները հասանելի են armsig.am կայքում։
ԻԿ դպրոցի նպատակն է միավորել հասարակության ակտիվ և նպատակասլաց ներկայացուցիչներին և ներգրավել նրանց Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերի քննարկումներում, ինչպես նաև ծանոթացնել ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման գործընթացներին։
.AM լոգոյի մրցույթ
Ս.թ. հուլիսի 15-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն մեկնարկում է .am դոմենային անունների տիրույթի լոգոյի մրցույթ։ Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ՝ ներկայացնելով աշխատանքը logo@isoc.am էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև իր անուն, ազգանունը և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ․փոստի հասցե)։ Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 15-ն է:
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն այդ նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից՝ մինչև ս.թ. օգոստոսի 25-ը։ Մրցույթի հաղթողը կստանա հարյուր հազար ՀՀ դրամ մրցանակ։ Աշխատանք ներկայացնելով՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է, որ հաղթելու դեպքում, իր ներկայացրած աշխատանքը պաշտոնապես կօգտագործվի «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից։
.հայ տիրույթում գները նվազել են
Ս.թ. հուլիսի 1-ից .հայ տիրույթում հայատառ դոմենային անունների գրանցման սակագինը նվազել է։ Կարող եք դիմել հավատարմագրված ռեգիստրարներին՝ .հայ տիրույթում նոր գներով դոմենային անուն գրանցելու համար։