Ներքին իրադարձություններ
ArmSIG3
Սեպտեմբերի 11-13-ը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն կազմակերպել էին Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 3-րդ հոսքը: Ընտրված 20 մասնակիցները՝ տարբեր շահառու խմբերի ներկայացուցիչները, եռօրյա անվճար դասընթացի ժամանակ տեղական և միջազգային փորձագետներից սովորեցին ինտերնետ էկոհամակարգի մասին: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան հավաստագրեր:
Աշխատանքային հանդիպում .հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացման համար
Սույն թվականի մայիսի 22-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում: Հանդիպման նպատակը .հայ դոմենային անունների տիրույթի առաջմղման և զարգացման համար նախատեսված նոր գործողությունների առաջարկների և գաղափարների քննարկումներն էին: Հանդիպմանը ներկա էին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամները, ինչպես նաև Ռեգիստրար ընկերություններից ներկայացուցիչներ:
IP&IT մրցույթ
Ապրիլի 26-ին, մտավոր սեփականության միջազգային օրը, Մտավոր Սեփականության Իրավատերերի ակումբը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հովանավորությամբ կազմակերպել է միջհամալսարանական մրցույթ, որի ժյուրի կազմում ընդգրկվել են կազմակերպության վարչության անդամ Գրիգորի Սաղյանը և կազմակերպության անդամ Վահան Հովսեփյանը։
Girls in ICT Day. «Կիբեր Հիգիենա. ինչպե՞ս անվտանգ մնալ Ինտերնետում»
«Girls in ICT» օրը ITU-ի (ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտացված գործակալության) ամենամյա միջոցառումներից է: Այս տարի այն նշվել է 2019 թ. ապրիլի 25-ին:
«Girls in ICT» օրվա կապակցությամբ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը» կազմակերպել էր «Cyber Hygiene կամ Կիբեր Հիգիենա. Ինչպե՞ս անվտանգ մնալ Ինտերնետում» խորագրով տեղեկատվական սեմինար:
Սեմինարը նախատեսված էր ներկայացնելու, թե ինչպիսի անվտանգությանն առընչվող խնդիրներ կարող են լինել և ինչպես կարելի է անվտանգ մնալ Ինտերնետում: Սեմինարը տեղի ունեցավ Երևանի հ.174 դպրոցում:
Միջոցառումը հյուրընկալեց աշակերտուհիներին, նրանց մայրերին և ուսուցիչներին, տեղեկանալու Ինտերնետային անվտանգության խնդիրների և սկզբունքների մասին: «UCOM»-ի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը պատմեց ամենատարածված կիբեր հարձակումների, վտանգների, խնդիրների և դրանցից խուսափելու մասին: Երիտասարդ մասնակիցները ևս ակտիվ էին քննարկումներում:
Աշխատանքային հանդիպում .am/.հայ Ռեգիստրարների հետ
Ապրիլի 17-ին ԻՀ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին ներկա էին .am/.հայ ռեգիստրար կազմակերպությունները: Քննարկվեցին Ռեգիստր-Ռեգիստրար հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Նշվեց, որ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ և կխթանեն ամուր աշխատանքային կապը։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով
2019թ․ մարտի 13-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտահերթ ժողով: Ժողովը հաստատեց օրակարգային հարցերը, որի արդյունքում կատարվեցին ընտրություններ: Ընտրվեցին կազմակերպության նախագահը, վարչության կազմը և վերահսկիչ հանձնաժողովի կազմը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով
2019թ․ փետրվարի 28-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտահերթ ժողով, որտեղ քննարկում ծավալվեց կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության շուրջ։
Քննարկվեց նաև կազմակերպությանը նոր անդամակցությունների դիմումների հաստատման և անդամավճարը չվճարած անդամների անդամակցությունը դադարեցնելու մասին հարցերը։
Տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տարեկան ժողովը
2019թ․ փետրվարի 15-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տարեկան ժողովը, որտեղ կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը և տնօրեն Արման Ներսիսյանը ներկայացրեցին կազմակերպության 2016-2018թթ․-ի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, որոնք հաստատվեցին ժողովի կողմից: Միևնույն ժամանակ կազմակերպության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ սույն թվականի փետրվարի 28-ին կհրավիրվի կազմակերպության արտահերթ ժողով, որտեղ կքննարկվի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
Համացանցում հայատառ գրելու օրվա կապակցությամբ ասուլիս
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Համացանցում հայատառ գրելու օրվա կապակցությամբ տեղի ունեցավ ասուլիս: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը և արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը խոսեցին համացանցում հայկական այբուբենի օգտագործման ներկայիս վիճակի, հայատառ դոմենային անունների գործարկման, խոչընդոտող հարցերի և լուծումների մասին՝ .հայ հայատառ դոմենային անվան տարածումը օգտագործելով որպես Համացանցում հայատառ գրելը խթանող ևս մեկ միջոց:
Խոսելով «.հայ» դոմենի տարածման մասին՝ Գ. Սաղյանը նկատեց, որ տեխնիկական խնդիր կա հայերեն միջակետի (.) հետ կապված, որը միջազգային ICANN կազմակերպության արմատական սերվերները չեն ճանաչում և համապատասխան հղում չեն տալիս: Իսկ Լիաննա Գալստյանը պատմեց ընթացիկ ծրագրերի և համագործակցությունների մասին Լեզվի կոմիտեի և այլ պետական մարմինների հետ:
Նշենք, որ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն համագործակցում է Լեզվի կոմիտեյի հետ 2018թ.-ի հուլիսից, որի արդյունքում պետական բոլոր մարմիններն ու կրթական հաստատությունները ստանում են .հայ դոմենային անունների տիրույթում անվճար անուն: