Ներքին իրադարձություններ

Հոկ
12

UA Աշխատաժողով

12 Հոկ - 12 Հոկ
Երևան

Հոկտեմբերի 12-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ում Universal Acceptance (UA) տեխնիկական դասընթաց, որն ուղղված էր UA դասընթացավարների վերապատրաստմանը: Դասընթացը վարում էր ICANN-ում UA ղեկավարող խմբի փոխնախագահ (Universal Acceptance Steering Group) Դուշան Ստոյիչևիչը։ Ակնկալվում է, որ վերապատրաստումից հետո ապագա դասընթացավարները հնարավորություն կունենան վերապատրաստել համակարգչային ծրագրերի մշակողներին, հոսթինգ մատակարարներին և Ռեգիստրարներին։ Համակողմանի ընդունման զարգացումը Հայաստանում էլ ավելի կխթանի հայատառ դոմենային անունների և էլ. փոստի հասցեների օգտագործումը: Այս նպատակներին հասնելու համար բոլոր շահագրգիռ կողմերը պետք է տեխնիկապես պատրաստ լինեն ոչ միայն .հայ դոմենային անունների, այլև EAI (էլեկտրոնային փոստի հասցեների միջազգայնացում)` մեր պարագայում հայատառ էլեկտրոնային փոստի ամբողջովին և լիարժեք օգտագործմանը։

Տեսնել ավելին
Հոկ
11

4-րդ Արևելաեվրոպական DNS համաժողով

11 Հոկ - 12 Հոկ
Երևան

Հոկտեմբերի 11-12-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն պատիվ ունեցավ հյուրընկալել տարածաշրջանային պատվավոր միջոցառում՝ ICANN-ի Արևելաեվրոպական DNS համաժողովը։ Առաջին անգամ էր, որ ICANN-ի բարձրաստիճան հյուրերը ներկա էին գտնվում Հայաստանում, մասնավորապես՝ ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին, տեխնիկական տնօրեն Դեյվիդ Քոնրադը, տնօրենների խորհրդի անդամ Դանկո Եվտովիչը։ Համաժողովի նպատակն էր տրամադրել յուրահատուկ հարթակ ինտերնետ ոլորտի փորձագետների և բոլոր նրանց համար, ովքեր հետևում են դրա զարգացմանը՝ քննարկելու DNS ոլորտի և ընդհանուր առմամբ ինտերնետի լավագույն լուծումները, տեղական կիրառումները, միջազգային փորձը և գալիք տարիների զարգացման միտումները։ Քննարկվող թեմաներից էին DNS էկոհամակարգի անվտանգությունը, տեխնիկական և քաղաքականության դիտարկումները, համակողմանի ընդունումը, իրավական հարցեր և այլն: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը Յորան Մարբիի հետ հայտարարեց համաժողովի մեկնարկը։ Այնուհետև վարչության անդամներ Գրիգորի Սաղյանը, Լիաննա Գալստյանը, Աննա Կարախանյանը և Սիրանուշ Վարդանյանը ելույթներով հանդես եկան տարբեր սեսիաներում։ Համաժողովին ներկա էին շուրջ 180 մասնակիցներ տարբեր երկրներից, որոնք իրենց անգնահատելի փորձով կիսվեցին ներկաների հետ։ Համաժողովի կազմակերպմանը Լիաննա Գալստյանի ղեկավարությամբ իրենց նշանակալից աջակցությունն են ցուցաբերել վարչության անդամ Քրիստինա Հակոբյանը և կազմակերպության անդամներ Կատարինա Գևորգյանը, Աշոտ Հարությունյանը, Նարինե Դերձակյանը, Վեսմիրա Հարությունյանը, և Անի Դալլաքյանը։ Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է պաշտոնական կայքում։

Տեսնել ավելին
Հոկ
10

ArmIGF 5

10 Հոկ - 10 Հոկ
Երևան

Հոկտեմբերի 10-ին մեկնարկեց 5-րդ Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը, որը կազմակերպվել և հյուրընկալվել է Ինտերնետ կառավարման խորհրդի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Նշելով իր 5-րդ տարեդարձը՝ ArmIGF-ը տրամադրել էր բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահակիր խմբերին՝ ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը վերհանելու, քննարկելու և քաղաքականության մշակման գործընթացների մասին տեղեկացնելու համար: Միջոցառմանը մասնակցեցին 11 երկրներից շուրջ 160 մասնակիցներ, որոնք ներկայացնում էին բոլոր շահակիր խմբերը: Օրակարգը ձևավորվել էր համայնքի կողմից՝ ԻԿԽ քարտուղարության օգնությամբ: Այն ընդգրկում էր այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ Տվյալների տեղայնացումը, գաղտնագրումը, տեղական բովանդակությունը, թվային ապագան, կիբերանվտանգությունը և այլն: Բացումը նշանավորվեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանի և ԻԿԽ քարտուղար Գրիգոր Սաղյանի ելույթներով: Համաժողովի մանրամասներն ու ձայնագրությունները հասանելի են պաշտոնական կայքում

Տեսնել ավելին
Հոկ
10

N2 Ֆորում

10 Հոկ - 12 Հոկ
Երևան

Հոկտեմբերի 10-12-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն տեղական և միջազգային այլ գործընկերների հետ միասին Հայաստանում առաջին անգամ կազմակերպեց N2 համաժողովը, (համարներ և անուններ), որն իր մեջ ներառում էր հետևյալ միջոցառումները. Հոկտեմբերի 10 Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), որի կազմակերպիչն ու հյուրընկալն է Ինտերնետ կառավարման խորհուրդը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), որի կազմակերպիչն ու հյուրընկալն է Հայաստանի օպերատորների միությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։ Ինտերնետհասարակության «Իրերի Ինտերնետ» աշխատաժողովը (IoT SIG Workshop), որի կազմակերպիչն է Ինտերնետ հասարակության Իրերի ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խումբը։ Հոկտեմբերի 11 RIPE NCC Բանկային աշխատաժողովը, որի կազմակերպիչն է RIPE NCC-ն, իսկ հյուրընկալը՝ Հայաստանի Կենտրոնական բանկը։ Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), որի կազմակերպիչը երիտասարդ նախաձեռնողների թիմն է՝ ձևավորված բազմաշահառու սկզբունքով, իսկ համակազմակերպիչը՝ Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ-ն։ Հոկտեմբերի 11-12 4-րդ Արևելաեվրոպական DNS համաժողովը (EEDNSF), որի կազմակերպիչն է ICANN (Հատկացված անունների և համարների Ինտերնետ կորպորացիա) ընկերությունը, իսկ հյուրընկալը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն` .am դոմենային անունների տիրույթի Ռեգիստրը։   «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով ֆորումն անցկացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, ՄԱԿ-ի IGF MAG անդամ և ArmIGF համակարգող Լիաննա Գալստյանը, Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։ Այնուհետև մեկնարկեց «Թվային ապագան՝ մարտահրավերներն ու հնարավորությունները» պլենար քննարկումը, որին մասնակցեցին ԲՏԱ նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, Ինտերնետ հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, Յորան Մարբին, Աքսել Պավլիկը՝ SEEDIG-ի գործադիր կոմիտեի նախագահ Սորինա Տելեանուի մոդերացիայով: Համաժողովը նպատակ ուներ հարթակ ստեղծել արդյունաբերության առաջատար փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների և ինտերնետի ու ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` քննարկելու ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները, տեղեկանալու ոլորտի նոր միտումների մասին, փորձ փոխանակելու և գտնելու համագործակցության հնարավորություններ:

Տեսնել ավելին
Սեպ
11

ArmSIG3

11 Սեպ - 13 Սեպ
Երևան, Հայաստան

Սեպտեմբերի 11-13-ը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն կազմակերպել էին Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 3-րդ հոսքը: Ընտրված 20 մասնակիցները՝ տարբեր շահառու խմբերի ներկայացուցիչները, եռօրյա անվճար դասընթացի ժամանակ տեղական և միջազգային փորձագետներից սովորեցին ինտերնետ էկոհամակարգի մասին: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան հավաստագրեր:

Տեսնել ավելին
Մայ
22

Աշխատանքային հանդիպում .հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացման համար

22 Մայ - 22 Մայ
Երևան

Սույն թվականի մայիսի 22-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում: Հանդիպման նպատակը .հայ դոմենային անունների տիրույթի առաջմղման և զարգացման համար նախատեսված նոր գործողությունների առաջարկների և գաղափարների քննարկումներն էին: Հանդիպմանը ներկա էին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամները, ինչպես նաև Ռեգիստրար ընկերություններից ներկայացուցիչներ:

Տեսնել ավելին
Մար
13

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով

13 Մար - 13 Մար
Երևան, Հայաստան

2019թ․ մարտի 13-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտահերթ ժողով: Ժողովը հաստատեց օրակարգային հարցերը, որի արդյունքում կատարվեցին ընտրություններ: Ընտրվեցին կազմակերպության նախագահը, վարչության կազմը և վերահսկիչ հանձնաժողովի կազմը:

Տեսնել ավելին
Փտր
28

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտահերթ ժողով

28 Փտր - 28 Փտր
Երևան, Հայաստան

2019թ․ փետրվարի 28-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտահերթ ժողով, որտեղ քննարկում ծավալվեց կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության շուրջ։ Քննարկվեց նաև կազմակերպությանը նոր անդամակցությունների դիմումների հաստատման և անդամավճարը չվճարած անդամների անդամակցությունը դադարեցնելու մասին հարցերը։

Տեսնել ավելին
Փտր
15

Տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տարեկան ժողովը

15 Փտր - 15 Փտր
Երևան, ՀՀ

2019թ․ փետրվարի 15-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տարեկան ժողովը, որտեղ կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը և տնօրեն Արման Ներսիսյանը ներկայացրեցին կազմակերպության 2016-2018թթ․-ի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, որոնք հաստատվեցին ժողովի կողմից: Միևնույն ժամանակ կազմակերպության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ սույն թվականի փետրվարի 28-ին կհրավիրվի կազմակերպության արտահերթ ժողով, որտեղ կքննարկվի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Տեսնել ավելին